Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է պաշտոնից, իսկ ՀՔԾ-ն ներքին աուդիտում ծառայողական քննության նյութերի հիման վրա քրգործ է հարուցել
ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանն ազատվել է պաշտոնից: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով. «Վարդան Թունյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»:
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
Այսպես, հիշյալ նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները:
Այնուհետև, նույն ծառայողների հետ պայմանավորվածության համաձայն, Վ. Թունյանն իր աշխատակցի միջոցով նրանցից յուրաքանչյուր անգամ հավաքել է հավելագրված գումարները և պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել իր վստահությանը հանձնված, ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի հասնող 4.500.000 ՀՀ դրամը:










