Արբանյակային լուսանկարները փաստում են, որ Ռուսաստանը կատարելագործում է միջուկային զենքերի բունկերը (լուսանկար)
Տիեզերքից արված արբանյակային լուսանկարները փաստում են, որ Ռուսաստանի իշխանությունները կատարելագործում են Կալինինգրադում գտնվող միջուկային զենքերի բունկերը, ինչն արվում է ՆԱՏՕ-ի հետ առավել սրված հարաբերությունների ֆոնին:
Ինչպես նշում է The Guardian-ը, լուսանկարները հրապարակել է Ամերիկացի գիտնականների ֆեդերացիան: Դատելով ֆիքսված կադրերից՝ բունկերն ավելի խորն է դարձել, ծածկվել է նոր բետոնե տանիքով:
«Այն տիպիկ ռուսական միջուկային բունկեր է»,-նշել է Հանս Կրիստենսենը: Նա մանրամասնել է, որ բունկերի պատերն ու դրա շուրջ պարիսպը հաստացվել են:
Կրիստենսենն ընդգծել է, որ իրենք հետևում են ռուսական միջուկային բունկերներին, սակայն նման զանգվածային նորոգման աշխատանքներ չէին նկատվել:
«Իհարկե, այս լուսանկարները դեռևս չեն ապացուցում, որ Կալինինգրադում այժմ միջուկային զենքեր կան, սակայն ցույց են տալիս, որ դա ակտիվ կայան է»,-ասել է մասնագետը:











