«Ես այլևս չեմ կարող աշխատել այդ կնոջ հետ». Գերմանիայի ՆԳ նախարարը՝ Մերկելի մասին

10:27 • 18.06.18

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ «այլևս չի կարող աշխատել այդ կնոջ հետ»՝ նկատի ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, և պատրաստ է վերջնագիր ներկայացնել միգրացիոն հարցի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:


Գերմանիայի կառավարության ներսում կոնֆլիկտը սպառնում է կառավարական կոալիցիայի փլուզմամբ: Մերկելն առանց այդ էլ ստիպված է եղել լուրջ փոխզիջումների գնալ կառավարություն ձևավորելու համար: Նոր ճգնաժամը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների, որում կանցլերի հաղթանակը երաշխավորված չէ:

Այդ հայտարարությունը նախարարն արել է իր կողմից մշակվող միգրացիոն խնդրի հաղթահարման վերաբերյալ ռազմավարության քննարկման տապալումից հետո:

Die Welt-ը նշում է, որ քաղաքական գործիչն այդ կտրուկ հայտարարությունն արել է դեռ հունիսի 14-ին՝ քննարկման տապալումից 2 օր անց։


Հաղորդվում է, որ Մերկելը խնդրել է սպասել մինչև հունիսի 28-ը, երբ պետք է կայանա Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նա խոստացել է տվյալ հարցի վերաբերյալ համաեվրոպական համաձայնության հասնել:

Միևնույն ժամանակ, մինչ այժմ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ դրույթների շուրջ չի հաջողվում համաձայնության հասնել, քանի որ ծրագիրը դեռ չի հրապարակվել:

Գլխավոր խնդիրն այն է, որ պատգամավորները պահանջում են անհապաղ անցնել նոր կանոնների կիրառման՝ շրջանցելով ԵՄ այլ երկրների հետ նոր մոտեցման քննարկումը: Մերկելը շարունակում է պնդել այդ հարցում միակողմանի որոշումների անթույլատրելիության մասին, քանի որ Գերմանիայի ազգային օրենսդրությունը չպետք է հակասի ԵՄ այլ անդամ երկրների հետ ձեռքբերված համաձայնություններին: