Վայոց ձորի ռեստորաններից մինչև Կապան որսամիս են վաճառում, պետք է արգելել որսը. Ա. Իշխանյան

21:46 • 18.06.18

Հայաստանում շատ մեծահարուստներ իրենց թույլ են տալիս այդ շքեղությունը, սա ես համարում եմ վայրենություն: Սա բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝  անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված կենդանաբանական այգուն։  

-Պարո՛ն Իշխանյան, երեկ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատան բացահայտումներից հետո գրել էիք, որ Նոր Հայաստանում պետք է 2 հրատապ օրենք ընդունել՝ արգելել վայրի կենդանիներին մասնավոր տարածքներում պահելը, եղածներին Կենդանաբանական այգի տեղափոխել և Հայաստանի ողջ տարածքում որսորդությունն արգելել: Արդյո՞ք երեկվա տպավորությունների տակ էիք ու նման զգացմունքային գրառում կատարեցիք։

-Ոչ: Ես երբեք հրապարակային այդ մասին չեմ խոսել, բայց միշտ վրաս ազդել է, երբ տեսել եմ տարբեր տիպի ռեստորանների տարածքներում նեղ վանդակների մեջ տառապող վայրի կենդանիներին՝ արջեր, վագրեր: Բացի այդ, իմանալով, որ Հայաստանում շատ մեծահարուստներ իրենց թույլ են տալիս այդ շքեղությունը՝ սա ես համարում եմ վայրենություն: Սա բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին:

Երկրորդ. բավականին հավաստի տվյալներ կան, թե ինչպես են հարուստները ուղղաթիռներից որս անում: Եվ Վայոց ձորի ռեստորաններից մինչև Կապան որսամիս են վաճառում: Նաև հիշում եք համացանցում տարբեր նկարներ՝անգղներ, վայրի ագռավներ, որսի տեսարաններ և այլն, որոնք վկայում են մեր ժողովրդի որոշակի մի խմբի վայրենի ու ցածր մակարդակի մասին, որը հաճույքի համար կենդանիներ է սպանում, այն էլ, սա էլ երկրորդ հարցն է, աղքատիկ կենդանական աշխարհ ունեցող Հայաստանում: Միշտ այդ բանը մտքովս անցել է, ու հիմա ես հիշում եմ իմ սիրած քաղաքական գործիչներից մեկի՝ Գանդիի խոսքերը. «Ցույց տվեք, թե ինչպես են վերաբերվում տվյալ երկրում կենդանիներին, և կասեմ, թե ինչ հասարակություն է այդ երկրում»: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի նոր իշխանությունները գանդիական շարժմամբ եկան Հայաստան, պետք է ուշադրություն դարձնեն Գանդիի այդ խորհրդին:

-Առյուծներ պահում են շատ-շատերը:

-Դա բոլորին է վերաբերում, նաև Ծառուկյանին, որովհետև հաճույքի համար կենդանիներ պահելը և այն ասեկոսեները, որ կան, թե այդ վայրի կենդանիներն ինչպես են օգտագործվում մարդկանց դեմ և այլնի համար, անթույլատրելի են: Վերադառնալով Ձեր առաջին հարցին՝ ասեմ, որ սա բոլորովին էլ պահի տակ ասված բան չէր, վաղուց էր հասունացել։