Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել

09:00 • 18.06.18

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երեկ գիշեր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր կամքով հրաժարական է տալիս։

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,– գրել է նա:


Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ Էջմիածնում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ քաղաքապետի Կարեն Գրիգորյանի պահանջով։

Հունիսի 17-ին տեղի էր ունեցել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ  հանդիպումը, ինչից հետո մարզպետը հայտարարել էր, որ Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները։

«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե մեկ բնակիչ ունի խնդիրներ՝ ես պատրաստ եմ նրան ընդունել»,- ասել էր Գագիկ Միրիջանյանը:

Կարեն Գրիգորյանը Էջմիածինը ղեկավարում էր 2008թվականից։ 

Կարեն Գրիգորյանը 2005-2008թթ. եղել է Էջմիածնի քաղաքապետի 1-ին տեղակալ:

2008թ. հոկտեմբերի 19-ին ընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: 

2012թ. սեպտեմբերի 9-ին վերընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: 

2016թ. սեպտեմբերի 18-ին վերընտրվել էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:

Կարեն Գրիգորյանը ստացել էր 10 հազար 587 քվե, նրա մրցակից Արթուր Թումանյանը` 3 հազար 651, իսկ Արթուր Խաչատրյանը` 504 քվե: