Քրիստոնեա-սոցիալական միությունը Մերկելին վերջնագիր է ներկայացրել փախստականների հետ կապված իրավիճակի առնչությամբ

18:38 • 18.06.18

«Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության նախագահությունը որոշում է կայացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երկու շաբաթ ժամանակ տալ փախստականների վերաբերյալ համաեվրոպական որոշում գտնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին:

Նիստի մասնակիցների խոսքերով՝ նախագահությունը միաձայն հավանության է արժանացրել կուսակցության առաջնորդ և ՆԳՆ ղեկավար Հորստ Զեեհոֆերի համապատասխան առաջարկը:

Հաղորդվում է, որ եթե որոշում չգտնվի, ապա երկու շաբաթից ուժի մեջ կմտնի այլ երկրներում գրանցված անօրինական փախստականների մուտքի թույլտվությունը մերժելու մասին դրույթը:

Նշվում է, որ Մերկելն ընդունել է անօրինական միգրացիային հակազդելու հարցով վերջնագիրը:

Կուսակցությունում հույս ունեն, որ հունիսի 28-ին կայանալիք ԵՄ առաջիկա գագաթնաժողովի ժամանակ կանցլերին կհաջողվի գործընկերների հետ համաձայնեցնել փոխզիջումային որոշում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ «այլևս չի կարող աշխատել այդ կնոջ հետ»՝ նկատի ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և պատրաստ է վերջնագիր ներկայացնել միգրացիոն հարցի վերաբերյալ: