Եթե գործող կարգը պահպանվի՝ Էջմիածնում արտահերթ ընտրությունները կլինեն հոկտեմբերի 21-ին. Տ. Մուկուչյան
Եթե գործող կարգը պահպանվի, ապա նշանակում է, որ Էջմիածնում արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել հոկտեմբերի 21-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա շեշտեց, որ կարող է ներկայացնել միայն այն, ինչ սահմանվում է համապատասխան կարգով:
Մուկուչյանը մանրամասնեց, որ ՏԻՄ օրենքում հստակ սահմանված է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման կարգը: Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու հիմք է նաև համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումը, որից հետո ավագանին կարող է կազմել լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը, որն էլ մարզպետի միջոցով ներկայացվում է ՏԿԱԻՆ, կառավարություն:
«Ըստ օրենքի՝ լիազոր մարմինն ավագանու արձանագրությունը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծ»,-շեշտեց նա:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նշված գործընթացներից հետո արդեն կազմակերպվում են ընտրությունների հետ կապված հարցերը: Նրա խոսքով՝ ԸՕ 122 հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններն անցկացվում են ԸՕ 120 հոդվածով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման համար նախատեսված ժամկետները։
«ԿԸՀ-ն ընտրությունների օրեր է սահմանել մարտի 11-ը, հունիսի 10-ը և հոկտեմբերի 21-ը։ մարտի 11-ի և հունիսի 10-ի ընտրություններն ավարտվեցին, և մենք ունենք նշանակված օր հոկտեմբերի 21-ը»,-նկատեց Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ձերբակալված գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, գրել էր, որ իր կամքով հրաժարական է տալիս:










