Մանվել Գրիգորյանի կնոջ՝ գնդապետ Նազիկ Ամիրյանի ինքնասպանության լուրը չի համապատասխանում իրականությանը. Վ. Վարդանյան

16:17 • 18.06.18

Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ գնդապետ Նազիկ Ամիրյանի ինքնասպանության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԵԿՄ նախկին մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը, ով երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել:

Նազիկ Ամիրյանի հեռախոսահամարին պատասխանած կինը ևս ասաց, որ շրջանառող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Միանգամից ասեմ, որ սուտ է, ես իրեն քիչ առաջ սուրճ եմ տարել»,-ասաց կինը, ով ներկայացավ որպես տնային աշխատող։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։