Սկոպյեում բողոքի ցույցի ընթացքում 17 մարդ է վիրավորվել
Լույս երկուշաբթի Սկոպյեում խորհրդարանի շենքի առաջ անցկացված Մակեդոնիայի անվանափոխման դեմ բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվածների թիվը հասել է 17-ի: Ձերբակալվել է 26 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել է, որ վիրավորվել է յոթ ոստիկան:
Մակեդոնիայի անվանափոխման մասին համաձայանագիրը և դրա պայմաններն առաջացրել են Մակեդոնիայի ընդդիմադիր տարբեր կուսակցությունների դժգոհությունը:
Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր է նետել և փորձել է ճեղքել նրանց պատը և մտնել խորհրդարանի շենքը: ՆԳՆ հատուկ ստորաբաժանումն արցունքաբեր գազ է կիրառել և ձայնային նռնակներ:
Հաղորդվում է նաև, որ ցուցարարների մի խումբ ներխուժել է նաև երկու ռեստորան, որոնցից մեկում արցունքաբեր գազ են օգտագործել: Անկարգությունների ժամանակ այրվել է մի ավտոմեքենա:
Հունաստանի և Մակեդոնիայի արտգործնախարարներ Նիկոս Կոձիասը և Նիկոլա Դիմիտրովը կիրակի համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր պաշտոնական անվանման մասին:
Համաձայնագիրը թույլ է տալիս վերջ դնել Աթենքի և Սկոպյեի միջև բազմամյա վեճին: Պայմանավորվածության համաձայն՝ երկրի ներկայիս «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան փոխարեն նոր պաշտոնական անունն է լինելու «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»: Այդկերպ կհաջողվի խուսափել Հունաստանի Մակեդոնիա շրջանի հետ շփոթմունքից:
Համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի Մակեդոնիայի և Հունաստանի խորհրդարանների կողմից և պետք է դրվի Մակեդոնիայում հանրաքվեի:










