Վանաձորում նախադպրոցական 4 ուսհաստատությունների տնօրեններին մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ
Վանաձորում մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական 4 հաստատության տնօրենների նկատմամբ, որոնք չարաշահել են պաշտոնեական դիրքը, վատնումներ են կատարել, ինչպես նաև կեղծիքների միջոցով վնաս են հասցրել պետությանը: Դպրոցական և նախադպրոցական հաստատություններում դատախազության 2017թ. ուսումնասիրությունների հետքերով է գնացել «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման թղթակիցը:
Վանաձորում խախտումներ թույլ տված տնօրեններին ու նրանց ղեկավարած մանկապարտեզների հասցեները ճշտելու համար բավականին ժամանակ է պահանջվել: Պարզվել է, որ թիվ 19 մանկապարտեզի տնօրենը և 2015-ին պաշտոնավարած տնօրենը ներկայում, ըստ որոշ տեղեկությունների, թիվ 34 մանկապարտեզի տնօրենն է, բայց նրա հետ խոսել չի հաջողվել:
Տնօրեններից մեկը տարակուսանքով նշել է, որ իր մոտ հայտնաբերված խախտումները մյուսների համեմատ չնչին են. ամսական 36 հազար դրամով աշխատանքի է ընդունել խոհանոցի աշխատողի, մինչդեռ մյուս մանկապարտեզներում հաստիքացուցակը ուռճացված է եղել:
Ընդհանուր առմամբ, բոլոր տնօրեններն էլ մեղադրվում են տեղակալներ նշանակելու համար, թեև այդպիսի հաստիք նախատեսված չի եղել:
Լոռու մարզի դատախազի օգնական Արթուր Պողոսյանը նշել է, որ տնօրենները հիմնականում փոխտնօրենի պաշտոնում ընդունել են մերձավոր ազգականներին, մի դեպքում՝ քրոջը, մյուս դեպքում՝ հարսին, այդ հանգամանքը, ըստ Լոռու դատախազի, արդեն իսկ մեծ կոռուպցիոն ռիսկ էր պարունակում. «Որևէ միջոց չեն ձեռնարկել ապահովելու աշխատակցի ներկայությունը: Ըստ էության, իրենց ստորագրությամբ վավերացրել, հաստատել և շրջանառության մեջ են դրել բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, աշխատաժամի հաշվարկի տեղեկանքներ, որի հիման վրա համայնքային բյուջեից անհիմն հատկացումներ են արվել»:
Տեղեկությունների համաձայն՝ մեկ փոխտնօրենի աշխատավարձն ամսական ավելի քան 90 հազար դրամ է, թե համայնքային բյուջեից որքան գումար է ծախսվել նրանց աշխատավարձ վճարելու համար՝ Լոռու մարզի դատախազությունում չեն մանրամասնել, նշել են, որ մինչև ամսվա վերջ նախատեսում են քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել:
«Միջնորդագրով առաջարկվել էր լուծել աշխատանքային պարտավորություններով թերացած պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման հարցը»,-տեղեկացրել է Լոռու մարզի դատախազի օգնականը:
Մինչ Վանաձորում նյութեր են նախապատրաստվում, Շիրակի մարզի դպրոցներում ստուգումների արդյունքում Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենն անազատության մեջ է, նա մեղադրվում է չարաշահումների մեջ: Տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ենթադրյալ պաշտոնեական կեղծիքի, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի, խարդախության եղանակով գումար հափշտակելու մեղադրանքով:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասել է, որ հիշյալ դպրոցի տնօրենը 2014-2018 թթ. ընթացքում տնտեսավարող սուբյեկտների հետ կնքել է ընդհանուր 15 մլն ՀՀ դրամի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնցով վերջինները պարտավորվել են պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերի համաձայն սննդի ծանրոցներ մատակարարել ներառական համակարգում ընդգրկված երեխաներին. «Սակայն փաստվել է, որ իրականում 697-780 ՀՀ դրամ արժողությամբ ծանրոցների փոխարեն մատակարարվել է 150-200 ՀՀ դրամ արժողությամբ ծանրոցներ: Կոնկրետ հափշտակված գումարը շուրջ 11.315.000 ՀՀ դրամ»:
Շիրակի նորանշանակ մարզպետը նշել է, որ կոռուպցիան կրթական հաստատություններում տարածված երևույթ է:
«Մարդիկ, որ բողոքել էին տնօրենի գործունեությունից, նրանց անունները կային ինձ մոտ, ես ցույց տվեցի տնօրենին, ասացի՝ այս մարդիկ բողոքում են Ձեզնից, գնաց և հաջորդ օրը նրանց՝ 4 հոգու ազատեց աշխատանքից»,-պատմել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Այն, որ տնօրենը հաշվեհարդար է տեսել իրենից դժգոհող աշխատակիցների նկատմամբ, հաստատել են նաև մարզային դատախազությունում: Այդ փաստով էլ է նրա նկատմամբ մեղադրանքներ հարուցվել: Առաջիկայում մեղադրյալների ցանկը կընդլայնվի: Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ առնչակցության վերաբերյալ կան տվյալներ:
Լոռու և Շիրակի մարզերում ստուգումների արդյունքները կամփոփվեն մեկ ամսից:










