Կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին գնում են Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ նոր կենդանիներ բերելու
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) և Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն այս պահին ուղևորվում են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատուն, որտեղից, հնարավոր է, նոր կենդանիներ բերեն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում է երեկ տեղափոխված վագրը՝ վերջինս ասաց. «Առողջ է, բայց մի քիչ ֆիզիկապես հյուծված»:
Խոսնակը հերքեց շրջանառող տեղեկությունները, թե վագրի ժանիքները ու ճանկերը քաշած են եղել:
Հիշեցնենք, որ երեկ Կենդանաբանական այգին օթևանեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Ակնալճում գտնվող առանձնատանը պահվող վագրին։
«Դեռ կիսաքուն է. դեռ գլխի չի ընկնում, որ ավելի լավ պայմաններում ու ավելի ընդարձակ կացարանում կապրի, երբ բարեհաջող հաղթահարի կարանտինը»,-նշվում էր երեկ տարածած հաղորդագրության մեջ:
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում ընդհանուր առմամբ եղել են 5 արջ, 1 վագր, 5 տարբեր տեսակի շներ, 7-8 խառնածին բեզոարյան այծեր, 2 սիրամարգ, 10-ից ավելի ջայլամներ, կաքավներ և մեկ եղնիկ։
Հիշեցնենք, որ այս կենդանիներին խնամելու նախաձեռնությամբ էին հանդես եկել Երևանի կենդանաբանական այգին և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»։
Ըստ Ռուբեն Աբրահամյանի՝ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները կենդանիների տեղափոխմանը չեն խոչընդոտել:
«Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, հանձինս իր անձնակազմի, պատրաստակամություն է հայտնում աջակցել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում»,-ասվում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։










