Ադրբեջանում հատուկ գործողություն է անցկացվել ոստիկանների սպանության գործով. 1 մարդ սպանվել է, ևս 10 մարդ՝ ձերբակալվել

11:52 • 13.07.18

Ուրբաթ առավոտյան Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում (Գանձակ) ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը: Այդ մասին ասված է երկրի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և պետանվտանգության ծառայության համատեղ հաղորդագրությունում, հայտնում է minval.az-ը:


Հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, որոնք իրականացվում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողությամբ, պարզվել է, որ Ռաշադ Բոյուկիշիևը թաքնվում է Շամքիրի շրջանի Մորանլը գյուղում: Այսօր առավոտյան նրան ձերբակալելու համար իրականացված գործողության ընթացքում Բոյուկիշիևը զինված դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով սպանվել է:


Հաղորդվում է նաև քաղաքում անկարգությունների մասնակից ևս 10 ձերբակալվածի մասին:


Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում (Գանձակ) երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը: