«Գալակտիկայի պահապանների» դերասանները բաց նամակ են հղել հաջակցություն աշխատանքից հեռացված ռեժիսոր Ջեյմս Գանի
«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի դերասանները ռեժիսոր Ջեյմս Գանին աջակցող բաց նամակ են հղել՝ վերջինիս աշխատանքից հեռացման կապակցությամբ: Բաց նամակն Instagram-ի իր էջում հրապարակել է ֆիլմի գլխավոր հերոս Քրիս Պրատը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Walt Disney Studios ամերիկյան ընկերությունը խզել է հարաբերությունները «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանի հետ՝ Twitter սոցցանցում մի շարք «վիրավորական» գրառումների համար, որոնք նա արել է դեռ մինչ ստուդիայի հետ պայմանագիր կնքելը: Disney-ի ներկայացուցիչների խոսքով՝ Գանը չի ղեկավարի արկածային ֆիլմի երրորդ մասի նկարահանումները։
«Չնայած ես կողմ չեմ Ջեյմս Գանի՝ շատ տարիներ առաջ արած անտեղի կատակներին, բայց նա լավ մարդ է: Ես անձամբ կցանկանայի, որ նա վերականգնվեր որպես ֆիլմի երրորդ մասի ռեժիսոր»,- գրել է դերասանը:
«Մենք ամբողջովին աջակցում ենք Ջեյմս Գանին: Մեզ բոլորիս ցնցել է անցած շաբաթ նրան աշխատանիքց հեռացնելու լուրը, և մենք դիտավորյալ սպասել ենք այս տասը օրը՝ մեկնաբանություն անելուց առաջ մտածելու, աղոթելու, ամեն ինչ լսելու և քննարկելու համար», - ասվում է նամակում, որը ստորագրել են Քրիս Պրատը, Բրեդլի Կուպերը, Զոի Սալդանան, Վին Դիզելը, Դեյվ Բատիստան և ֆիլմի մի շարք այլ դերասաններ:
Los Angeles Times պարբերականը հաղորդել էր, որ դեռ մինչ ստուդիայի հետ պայմանագիր կնքելը Գանը Twitter-ում մանկապղծության, բռնաբարության ու Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտերի վերաբերյալ սարկազմի ոճով գրառումներ է արել։
Ռեժիսորն իր հերթին նշել է, որ կարիերայի սկզբում «իրեն որպես սադրիչ էր տեսնում», «ֆիլմեր նկարահանում ու կատակներ անում, որոնք անբարոյական և տաբուացված էին»: Գանը հավելել է, որ այդ ժամանակներից ի վեր ինքը փոխվել է, ինչպես և իր ֆիլմերն ու կատակները:










