Եթե էական զեղչեր ստանանք երկաթգծից` ցորենի թանկացում կարող է չլինել, հակառակ դեպքում հնարավոր է՝ 25 դրամով թանկանա. գյուղնախարար (տեսանյութ)

12:04 • 31.08.18

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց իր պաշտոնավորման հարյուր օրը: Նա նշեց, որ այս հարյուր օրը, ինչպես վարչապետն է նշել, կարելի է համարել ադապտացիոն շրջան, խնդիրներին ծանոթանալու շրջան, և  պատկերավոր ասված՝ հարյուր օրվա մեջ սերմը բերք չի տալիս:

Խոսելով առաջնահերթությունների մասին՝ նախարարն ասաց, որ առաջնահերթ է փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններին աջակցությունը:

«Խոսքը սոցիալական աջակցության մասին չէ, այլ որ պետական աջակցությունը սոցիալական աջակցությունից միտված է լինելու եկամտաբեր գյուղատնտեսության անցմանը»,- ասաց նա:

Երկրորդ առաջնահերթությունը Խաչատրյանը համարեց հողերի խոշորացումը և կոոպերացիայի խթանումը: Նա նաև կարևորեց ոռոգման կաթիլային համակարգերի անցումը, անմշակ հողերի կրճատումը, քանի որ հողերի մեկ երրորդը ոչ ըստ նշանակության է օգտագործվում, և այդ ուղղությամբ փորձնական ծրագիր են իրականացնելու, որով աջակցելու են առավել խոցելի համակարգերին:  Առաջնահերթությունների մեջ է ընդգրկվում նաև ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան:




«Մինչ այս սուբսիդավորման քաղաքականությունը գնացել է առաջինը հումքի սուբսիդավորման ուղղությամբ, երբ պարարտանյութ էինք տալիս, սուբսիդավորված գներով սերմացու, դիզելային վառելիք, իսկ հիմա փոքր–ինչ այլ ուղղությամբ ենք ուզում  գնալ, որ  վերջնական սպառողին ենք տալիս աջակցությունը, և ինքն է որոշում՝ ումից ինչ դիզվառելիք, սերմացու գնի»,- ասաց նա և նշեց, որ տոկոսադրույքի սուբսիդավորման վերաբերյալ ևս ծրագիր ունեն և ցանկություն ունեն, որ կապիտալի սուբսիդավորում իրականացվի:

Արթուր Խաչատրյանը կարևորեց նաև խորհրդատվական ծառայությունները, սառնարանային տնտեսությունների զարգացումը, ինչը կնվազեցնի սեզոնայնությունը:

Պատասխանելով հարցին, թե Վրաստանի կողմից ցորենի տեղափոխման սահմանափակումներն ինչպես կանդրադառնան գների վրա, նախարարն ասաց, որ այդ սահմանափակումը գործում է բոլոր երկրների համար, և հիմնավորումն այն է, որ Լարսի անցումը մեծ մեքենաները վնասում են: «Ներկայումս համապատասխան գերատեսչություններում բանակցություններ են գնում, որ որոշակի զեղչեր ստանան երկաթգծից, որ փոխադրման փոփոխությունն էական ազդեցություն չունենա ցորենի գների վրա: Եթե զեղչն էական լինի՝ գների թանկացում, հնարավոր է, չլինի, իսկ եթե զեղչ չլինի, որոշ հաշվարկներով՝ հնարավոր է՝ կգ-ը քսանհինգ դրամով թանկանա, բայց դա հոռետեսական ամենավատ հաշվարկներն են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հացահատիկի առումով Հայաստանի ինքնաբավ լինելուն, ապա նա հարց բարձրացրեց, որ եթե հողատարածքի վրա կարելի է աճեցնել ավելի բարձրարժեք մշակաբույս, և դա մասնավորին է պատկանում, ինչո՞ւ պետք է նա նվազ եկամուտ ապահովող ցորեն աճեցնի: Նա ասաց, որ իրենց խնդիրն է ավելի ցածրարժեք մշակաբույսից անցում կատարեն բարձրարժեքի, իսկ անմշակ տարածքներում պետք է ցորեն ցանել: Նախարարը տեղեկացրեց, որ 100 տոկոսով ինքնաբավ լինելու խնդիր չի դրվել: