Լոս Անջելեսում մահացել է ռեփեր Mac Miller-ը
Լոս Անջելեսում 26 տարեկանում կյանքից հեռացել է ռեփեր Մալքոլմ ՄքՔորմիքը, որը հայտնի էր Mac Miller բեմական կեղծանունով, հաղորդում է TMZ պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Հաղորդվում է, որ երգչին մահացած են գտել ուրբաթ կեսօրին՝ Սան Ֆեռնանդո հովտում գտնվող իր տանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը թմրանյութերի «ակնհայտ» գերդոզավորումն է:
Պորտալը նշում է, որ վերջին տարիներին երաժիշտը տառապում էր թմրանյութային կախվածությունից, ինչի մասին հայտնի է դարձել նախկին ընկերուհու՝ երգչուհի Արիանա Գրանդեի հետ բաժանումից հետո:
Հատկանշական է, որ տարիներ առաջ տված հարցազրույցում երաժիշտը քննադատաբար է արտահայտվել թմրանյութերի ու գերդոզավորման մասին, ասելով. «Ես կնախընտրեի լինել պարզապես «սպիտակ» ռեփեր, քան թմրամոլ «աղբ», որը չի կարող անգամ տնից դուրս գալ: Գերդոզավորումը զիլ չէ: Դու չես մնում պատմության մեջ գերդոզավորման շնորհիվ: Դու պարզապես մահանում ես»:
Իր կարիերայի ընթացքում ՄքՔորմիքը հինգ ստուդիական ալբոմ է թողարկել, որոնցից վերջինը՝ այս տարվա օգոստոսին: Նրա առաջին՝ Blue Slide Park ալբոմը, որը թողարկվել է 2011 թվականին, հայտնվել է Billboard 200-ի առաջին հորիզոնականում՝ դառնալով 1995 թվականից ի վեր անհայտ լեյբլի կողմից թողարկված ամենավաճառվող դեբյուտային ալբոմը:










