«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը կանցկացվի Թել Ավիվում
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ն իսրայելական Թել Ավիվում, այդ մասին հայտնի է դարձել մրցույթի կազմակերպիչների տարածած հայտարարությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
Իսրայելի հանրային հեռարձակման «Կան» կորպորացիային խնդրել էին ներկայացնել մրցույթի անցկացման համար առնվազն 2 թեկնածու քաղաք։ Հայտնի է, որ դիտարկվել են նաև Երուսաղեմի ու Էյլաթի թեկնածությունները, սակայն վերջնական ընտրությունը, ի վերջո, կանգ է առել Թել Ավիվի վրա։
Երգի մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդն իր շնորհակալությունն է հայտնել իսրայելական քաղաքներին, ինչպես նաև «Կան»-ին՝ վերջնական որոշում կայացնելու հարցում օգնելու համար, և վստահություն է հայտնել, որ Թել Ավիվը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները «Եվրատեսիլ»-ի հրաշալի անցկացման համար։
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ի հաղթող է ճանաչվել իսրայելցի Նետտա Բարզիլայը, ինչից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել էր 2019-ին մրցույթն անցկացնել Երուսաղեմում։ Նման հայտարարությունը հակասական տրամադրություններ էր առաջացրել բազմաթիվ երկրներում, ինչից հետո որոշվել է մրցույթն այլ քաղաքում անցկացնել։










