ՅՈւՆԵՍԿՕ-ն կարող է Պրահայի կենտրոնը զրկել մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակից

13:42 • 13.09.18

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, պահանջել է Պրահայի քաղաքային իշխանություններից վերանայել բարձրահարկ շենքերի կառուցման ծրագրերը, որոնք կարող են խախտել քաղաքի կենտրոնի ճարտարապետական ընդհանուր տեսքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եթե Պրահան չհրաժարվի բարձրահարկ շենքերի ծրագրերից, ՅՈւՆԵՍԿՕ-ն նախ քաղաքի կենտրոնը կընդգրկի վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում, իսկ այնուհետև կարող է նաև ընդհանրապես հանել Պրահայի կենտրոնն այդ ցանկից:

ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջին անգամ ահազանգել է Պրահայում կառուցապատման ծրագրերի մասին 2017 թվականի աշնանը: Այդ ժամանակ հայտնի է դարձել, որ քաղաքային իշխանությունները թույլտվություն են տվել Պանկրաց պատմական թաղամասում մի քանի բնակելի բազմահարկ շենքերի կառուցմանը: ՅՈւՆԵՍԿՕ-ն խորհուրդ է տվել պաշտոնյաներին հրաժարվել կառուցապատումից, եթե նրանք ցանկանում են պահպանել մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակը, բայց Պրահայի իշխանություններն իրենց ծրագրերից չեն հրաժարվել:

 

ՅՈւՆԵՍԿՕ-ն կարող է Պրահայի կենտրոնը զրկել մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակից