Միլանի գեղեցկագույն տաճարում կբացվի գլադիատորական մարտերի նախահայր էտրուսկների տուն-թանգարանը
Իտալացի ճարատարապետ Մարիո Կուչինելան բացահայտել է Միլանի ամենագեղեցիկ կառույցներից մեկի՝ 19-րդ դարին պատկանող տաճարի նկուղային հատվածում կառուցվող թանգարանային համալիրի գաղտնիքները:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, թանգարանի կառուցման ծրագիրը նախատեսում է արդեն գոյություն ունեցող նկուղային հարկի ընդլայնումը, որը պալատի նախկին սեփականատիրոջ՝ Անջելո Ռիցցոլիի համար նախատեսված է եղել որպես կինոսրահ: Շինարարական աշխատանքների ավարտին պես` 2019-ի կեսերին, կմեկնարկի նոր ցուցասրահի կահավորումը:
«Կարծում եմ՝ թանգարանի մեծ մասը պատրաստ կլինի հաջորդ տարվա ընթացքում: Հարակավոր է նոր մթնոլորտ ստեղծել՝ պատմելու համար էտրուսկների և նրանց կենսակերպի հրաշալի պատմությունը», - ասել է Կուչինելան:
Էտրուսկները հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ են, որոնք բնակվել են մ.թ.ա. առաջին հազարամյակում՝ Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում (ժամանակակից Տոսկանա)՝ Առնո և Տիբր գետերի միջև: Էտրուսկների մշակույթը նախորդել է հռոմեական մշակույթին և մեծ ազդեցություն է ունեցել դրա վրա: Հռոմեական այնպիսի սովորույթներ, ինչպիսիք են գլադիատորական մարտերը, կառքերով մրցավազքը և բազմաթիվ թաղման արարողություններ, ևս ունեն էտրուսկյան ծագում։










