ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:55 • 18.09.18

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում 2018 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2019 թ. հունվարի 13-ը կգործի «Հայաստան» ցուցահանդես, որը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունից մինչև 18-րդ դար:

Մամուլի ասուլիսին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացրեցին ցուցահանդեսի մանրամասները:

Լիլիթ Մակունցը նշեց, որ ցուցահանդեսին Հայաստանի պատմության թանգարանից կներկայացվի 34 նմուշ, Էջմիածնի մայր Աթոռից՝ 20 նմուշ և Մատենադարանից՝ 28 նմուշ, և ցուցանմուշներ կան, որոնք առաջին անգամ են ներկայացված լինելու: Նա նշեց, որ վարչապետը ևս կներկայանա ցուցահանդեսին, սակայն դժվարացավ ասել, թե կոնկրետ օրը և նշեց, որ ցուցահանդեսի բացումը լինելու է մամուլի ասուլիսով:

«Դիվանագիտության մեջ համարում եմ, որ մշակույթը այն կարևոր հենասյուներից է, որը երկրի վարկանիշի հետ կապված շատ մեծ դեր կարող է ունենալ և ներկայացնում է մեզ հավուր պատշաճի»,-ասաց նա:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ պատմության թանգարանից ներկայացվելու են քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կան եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ: «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու մի բացահայտում կանի իր համար այդ նմուշների հետ շփվելիս»,-ասաց նա և նշեց, որ այս ցուցահանդեսին շատ երկար են պատրաստվել և հույս հայտնեց, որ իրենց արած գործը հավուր պատշաճի կգնահատվի:

«Ցուցադրության ամբողջ ընթացքում կամիր թելով գնում է քրիստոնեությունը` սկսած քրիստոնեության ընդունումից մինչև 18-րդ դար»,-ասաց նա:

Պատմության թանգարանի տնօրենը հայտնեց, որ ֆինանսական բոլոր ծախսերը հյուրընկալող կողմն է արել, և ՀՀ բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, տեխնիկական բոլոր հարցերն արվել են բոլոր բարերարների կողմից:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ոչ միայն ցուցադրությունն է եզակի, նախադեպը չունեցող, այլ հենց Մատենադարանը ԱՄՆ-ում այդպիսի ցուցադրություն չի ունեցել, և ձեռագրերն ընդգրկում են հինգերորդ դարից սկսած նմուշներ: «Շատ հարուստ մանրանկարներով է ներկայանում մատենադարանը: Ձեռագրերերի մի զգալի մասը ավետարաններ են»,-ասաց նա և նշեց, որ բացի գեղեցիկ պատկերներից, որոնք ներկայացնում են տերունական շարքը, կան նաև այնպիսի գործեր, որտեղ ներկայացվում են պատմական անձնավորություններ:

«Ցուցահանդեսի հայեցակարգը ցույց է տալիս, որ իր ամբողջ ինքնատիպությամբ, յուրահատկությամբ հանդերձ հայկական մշակույթը երբեք մեկուսացված չի եղել աշխարհից, մշտապես կապերի մեջ է եղել»,-ասաց նա:

Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ տրամադրել են բացառիկ նմուշներ և մեծ ակնկալիք ունեն այս ցուցահանդեսից:  «Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ հենց մետրոպոլիտենի համակարգողներն ուզեցին, որ թանգարանում Հայաստանը ներկայանա քրիստոնյա ժամանակաշրջանում: Քրիստոնյա Հայաստանը պատշաճ կերպով ներկայանալու է այդ թանգարանում, և կարծում եմ, որ հետևանքն էլ կլինի դրական»,-ասաց նա և նշեց, որ այս նախաձեռնությունը պետք է ծառայի ևս մեկ անգամ մեր երկրի և մշակույթի ներկայացմանը:

Բանախոսները շնորհակալություն հայտնեցին բոլոր հովանավորներին, և Աստղիկ քահանա Կարապետյանը նշեց նաև աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը: «Եթե չասեմ, խիղճս ինձ չի ների, կուզեի, որ անպայման նշեի, որ նախաձեռնությունը գնացել է Վիգեն Սարգսյանի կողմից, որովհետև ամբողջ բանակցությունները չորս տարի առաջ նա է վարել, և կուզեի՝ իր անունն էլ հնչեր, որ խղճիս առաջ մեղանչած չլինեի»,-ասաց նա և նշեց, որ կարողացել են կոորդինացնել ԱՄՆ-ում մեր համայնքային բոլոր անհատներին, ֆոնդերին, ովքեր իրենց նպաստն են բերել:

Tert.am-ի հարցին, թե արդյոք երախտիքի խոսքին միանում է մշակույթի նախարարը և հաստատում է, որ այս նախաձեռնությունում մեծ ավանդ է ունեցել Վիգեն Սարգսյանը, նախարարը պատասխանեց, որ մանրամասն ակունքներին չի տիրապետում, թե ում կողմից է եղել նախաձեռնությունը, բայց ում կողմից էլ եղած լինի, կարևոր նախաձեռնություն է:

«Կցանկանայի բոլորին շնորհակալությունս հղել, ովքեր իրենց նպաստն ունեցել են»,-ասաց նա:

Նշենք, որ ցուցահանդեսի իրագործման համար գլխավոր հովանավորը «Հակոբ Գևորգյան» հիմնադրամն է: Ցուցահանդեսին աջակցել են նաև Նյու Յորքի Քարնեգի ընկերությունը, Միշել Դավիթ-Վեյլ հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը, Ղարագյոզյան հիմնադրամը, Նազար և Արտեմիս Նազարյանները, Արվեստի «Ռուդդոք» հիմնադրամը, Սթրոչ Կուլհանջյան ընտանիքը, Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Տավիտյանը և այլն:

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)