«Գահերի խաղ»-ը «Էմմի» վարկածով լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել
Լոս Անջելեսի «Մայքրոսոֆթ» դահլիճում կայացել է ամենամյա «Էմմի» մրցանակաբաշխությունը՝ կազմակերպված Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ակադեմիայի կողմից:
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է հոբելյանական 70-րդ անգամ, այն վարել են Մայքլ Չին ու Քոլին Ջոսթը:
Ինչպես նշում է The Guardian-ը, լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Գահերի խաղ»-ը:
Մինչդեռ լավագույն հումորային սերիալ է ճանաչվել «Զարմանալի տիկին Մեյզելը»: Այն, ի դեպ, արժանացել է ամենամեծ քանակությամբ մրցանակների: Դրա գլխավոր դերակատար Ռեյչել Բրոսնահանը «Էմմի» է արժանացել որպես հումորային սերիալի լավագույն դերասանուհի:
Հավելենք, որ «Էմմի» մրցանակը շնորհվում է 1946թ. ի վեր: Դրա շրջանակում պարգևատրվում են լավագույն դրամատիկ, հումորային սերիալները, նույն ժանրերի լավագույն դերասաններն ու դերասանուհիները, լավագույն հաղորդումներն ու ժամանցային ծրագրերը: Բացի այդ, մրցանակ են ստանում նաև երաժշտական, ձայնային, լուսային ձևավորման, խմբագրման, դերասանների արտաքին տեսքի համար պատասխանատուները:
«Էմմի» ոսկյա արձանիկը, որը պատրաստված է ձեռքում ատոմ պահող թևավոր կնոջ տեսքով, մարմնավորում է գիտության և արվեստի միասնությունը:










