Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը
Կիրակի՝ սեպտեմբերի 23-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր ամերիկացի կինոպրոդյուսեր ու ռեժիսոր, «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter պարբերականը՝ հղում անելով Կուրցի ընտանիքի հայտարարությանը, որում ասվում է, որ ռեժիսորը մահացել է Լոնդոնում քաղցկեղի հետևանքով:
Հանրահայտ ռեժիսորի մահվանն անդրադարձել է նաև Lucasfilm կինոընկերությունը՝ հրապարակելով հաղորդագրություն «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի պաշտոնական էջում:
«Կիրակի՝ սեպտեմբերի 23-ին, մահացել է Գերի Կուրցը՝ «Աստղային պատերազմներ»-ի (1977) և «Կայսրությունը հասցնում է պատասխան հարված»-ի (1980) լեգենդար պրոդյուսերը: Անչափ տաղանդավոր ու խելացի մարդ, Lucasfilm-ը կկարոտի Կուրցին, և մենք կհիշենք նրա մեծ ավանդն «Աստղային պատերազմներում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նշենք, որ Կուրցի ֆիլմերի շարքում առավել հայտնի են «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի առաջին եռապատման «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» և «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» էպիզոդները, ինչպես նաև «Ամերիկյան գրաֆիտիներ» (1973) ֆիլմը, որը ժամանակին առաջդրվել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:










