Հրանտ Թոխատյան, Հրաչ Քեշիշյան, Նարե Հայկազյան․նոր անուններ Գյումրու դրամատիկականի նոր թատերաշրջանում

15:07 • 29.09.18

Համարձակ ներկայացում` ենթարկվող դերասաններով կամ «Bye-bye Լեդի». հոկտեմբերի 6-ին Գյումրու դրամատիկականը 153-րդ թատերաշրջանի վարագույրը կբացի «գիշերային թիթեռնիկների» ու պրոֆեսոր Ամադեի խելահեղ պատմության մասին կատակերգությամբ:

Գլխավոր դերերում հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու  Ռոզի Ավետիսովան են:  

Հրանտ Թոխատյանը պրեմիերայից բացի Գյումրու բեմում կնշի նաեւ 60-ամյակը. բեմական կյանքի 42 տարիների մեջ առաջին անգամ է համագործակցությամբ այստեղ, որոշումը կայացրել է մեծ պատրաստակամությամբ, պատճառներն հստակ են.

«Գյումրու թատրոնը չունի սեփականատիրոջ էգոիզմ. բեմը բաց է բոլոր ստեղծագործողների համար, հենց այս քաղաքականությունն է, որ ինձ բերեց Գյումրու թատրոն: Պետական թատրոնների հետ համագործակցության մեկ-երկու անհաջող փորձ եղել է տարիներ առաջ, բայց այս անգամ, վստահ եմ` կստացվի այն, ինչը երբեք չի ստացվել. ամեն ինչ անելու ենք, որ այս էքսպերիմենտը լինելով առաջինը, չդառնա վերջինը»,-  հիմնավորում է Թոխատյանն ու եզրափակում` Գյումրու թատրոնից իր հետ կտանի ձեռքը ժամանակի զարկերակին պահելու ջահելների կարողությունը: Ասում է` երիտասարդական ավյունը մինչև չխառնվի ավագների փորձին` թատրոնն հետաքրքիր պահելն անհնար է:

Իրեն բնորոշ կտրուկ լուծումներով ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ստացել է «ոչ ավանդական», բայց չափի մեջ գեղեցիկ,- առանց սահմաններն անցնելու ներկայացում. հանդիսատեսը երկխոսության մեջ կլինի դերասանների հետ, սիրային ինտրիգների շուրջ կառուցվող ոչ մի համարձակ փորձարարություն,  փորձանք չի դառնա:

Նոր թատերաշրջանում «Bye-bye Լեդի»-ին միակ առաջնախաղը չէ. ևս մեկը մեծ բեմին, 2–ը` Մհեր Մկրտչյան դահլիճում: Հրաչ Քեշիշյանը բեմ կբարձրացնի թատրոնի և կինոյի համադրմամբ ստեղծվող «Ոչինչ չի մնա»-ն, Նարե Հայկազյանը գլխավոր դերում կլինի «Վերոնիկան որոշում է մահանալ» ներկայացման մեջ:

Իր հաղթարշավը կշարունակի «Հարսանիք թիկունքում»-ը` Հայաստանից բացի շրջագայելով ԱՄՆ-ում, Լիբանանում, Ռուսաստանում: Գյումրու թատրոնը բարեկամության ձեռք կմեկնի հանրապետության բոլոր թատրոններին` հնարավորություն տալով  խաղացանկերի լավագույն ներկայացումներով լինել Գյումրիում և այլընտրանք ապահովելով Գյումրու հանդիսատեսի համար:

Իսկ մինչ այդ` դրամատիկականի դահլիճում փարիզյան միջավայր է` թատերաշրջանի առաջնախաղային ներկայացման վերջին ուղղումներով ու շտկումներով:






Հրանտ Թոխատյան, Հրաչ Քեշիշյան, Նարե Հայկազյան․նոր անուններ Գյումրու դրամատիկականի նոր թատերաշրջանում