Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ամուսնացել է
Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հաստատել է գաղտնի ամուսնության մասին շրջանառվող լուրերը՝ իր ինտագրամյան էջում հրապարակելով լուսանկար, որում պատկերված են իր և ընտրյալի՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչակի ձեռքերը՝ ամուսնական մատանիներով: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ իր հրապարակումը դերասանուհին առանց մեկնաբանության է թողել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամուսնական արարողությունն անցկացվել է սեպտեմբերի 29-ին՝ Փելթրոուի Լոնգ Այլենդի առանձնատան բակում: Հրավիրվածների թվում էին Ռոբերտ Դաունի կրտսերը, Քեմերոն Դիասը, Սթիվեն Սփիլբերգը, Ռոբ Լոուն, Ջերի Սայնֆելդը և այլք:
Նշենք, որ սա և՛ Փելթրոուի, և՛ Ֆելչակի երկրորդ ամուսնությունն է: Մինչ այդ դերասանուհին 11 տարի ամուսնացած է եղել Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինի հետ:










