150,1 մլն ռուբլի. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» դրաման գլխավորել է ռուսական կինովարձույթը

15:32 • 01.10.18

Ռուսաստանաբնակ հայտնի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» դրաման, որում գլխավոր դերակատարը Դմիտրի Նագիևն է, անցած հանգստյան օրերի տվյալների համաձայն, գլխավորել է ռուսական կինովարձույթը:

Ինչպես նշում է kinobusiness.com-ը, ֆիլմը հավաքել է 150,1 մլն ռուբլի:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Չներվածը» հիմնված է ավիաաղետի հետևանքով կնոջն ու երկու դուստրերին կորցրած տղամարդու կյանքի իրական պատմության վրա: Նա չի կարողանում հաշտվել սարսափելի կորստի հետ ու որոշում է վրեժ լուծել ավիադիսպետչերից, որի սխալի պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը:

Կինովարձույթի երկրորդ հորիզոնականում է հայտնվել 121,5 մլն ռուբլի հավաքած «Ժամացույցով տան գաղտնիքը», որին 117,7 մլն ռուբլի ցուցանիշով հաջորդել է «Միանձնուհու անեծքը» սարսափ ֆիլմը:

 

 

 

150,1 մլն ռուբլի. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» դրաման գլխավորել է ռուսական կինովարձույթը