Էյֆելյան աշտարակը ոսկեգույն լուսավորում է ստացել՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

03:10 • 02.10.18

Փարիզի խորհրդանիշ հանդիսացող Էյֆելյան աշտարակը ստացել է արտասովոր՝ ոսկեգույն լուսավորում՝ ի հիշատակ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Փարիզի իշխանությունները որոշել են փոխել աշխատակի լուսավորումն, իսկ քաղաքի կենտրոնում հնչելու է Ազնավուրի ձայնը:

«Այսօր երեկոյան 21:30-ին (երևանյան ժամանակով 23:30-ին) Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Իենայի կամրջին կհնչեն նրա ամենագեղեցիկ երգերը, նրա դիմանկարները կհայտնվեն մեծ էկրաններին: Էյֆելյան աշտարակի լուսավորումը կլինի ոսկեգույն»,- ասվում է քաղաքապետ Անն Իդալգոյի հայտարարությունում:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Աշխարհահռչակ շանսոնյեն կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Նա ճանաչվել է դարի լավագույն էստրադային կատարող՝ ըստ CNN-ի և Times ամսագրի: Իր կարիերայի ընթացքում 100 մլն սկավառակ է վաճառվել, 80 դեր է մարմնավորել ֆիլմերում, թողարկել է 294 ալբոմ և ավելի քան 1000 համերգ է տվել աշխարհի 94 երկրում:

Էյֆելյան աշտարակը ոսկեգույն լուսավորում է ստացել՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի