Ազնավուր լսելն ամենևին էլ հեշտ բան չէր. The Guardian-ի անդրադարձը

15:24 • 02.10.18

Աշխարհի բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են համաշխարհային արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը՝ հետադարձ հայացք գցելով լեգենդի անցած ուղուն ու վերագնահատելով նրա արժեքը:

Նման անդրադարձ է կատարել նաև բրիտանական The Guardian պարբերականը՝ ներկայացնելով լրագրող Ալեքսիս Պետրիդիսի «Ազնավուր լսելն ամենևին էլ հեշտ բան չէր» վերտառությամբ հոդվածը:

«Այս մարդը, որի կարիերան սկսվել է Երկրորդ աշխարհամարտից առաջ և ծաղկել Էդիտ Պիաֆի հովանավորչության ներքո, միանգամայն այլ աշխարհի էր պատկանում: Եվ որքան էլ զարմանալի է, սակայն դա ամենևին էլ թեթև ժամանցի, զվարճանքի աշխարհը չէր: Մեծագույն շանսոնյեների պանթեոնում Ազնավուրն ի ծնե կանոններ խախտող էր»,- գրում է հեղինակը՝ մեջբերելով ռեժիսոր Ժան Կոկտոյի այն խոսքը, որ «Ազնավուրից առաջ հուսահատությունը երգարվեստում պահանջարկ վայելող թեմա չէր»:

«Նա կարող էր այն աստիճան համարձակ գրել սեռական ակտի տված բերկրանքի մասին, որ երգը (Apres L’Amour) արգելվում էր: Բայց միևնույն ժամանակ նա գրում է սիրո մութ կողմի՝ վշտի, տխրության, ճգնաժամ ապրող հարաբերությունների մասին: Նրա երգերից Tu T’laisses Aller-ն (Ինքդ քեզ թույլ ես տվել գնալ) այնքան վիճահարույց էր. տեքստում կնոջ անխնամ արտաքինից դժգոհ ամուսինը «նախկին» սիրելիին ասում է դառը ճշմարտությունը՝ հայտարարելով, որ նա այլևս իրեն չի գրավում: Թեև բառերը տհաճ են, բայց երգն ինքնին ճշմարիտ է, քանի որ պատմում է ատելության վերաճած ընտանիքի մասին: Ազնավուրը գրել է նաև բռնաբարության, ընկճախտի մասին: 1972թ. Comme Ils Disent երգում նա այնպես է ներկայացրել «դրագ քուին»-ի կերպարը, որ ունկնդիրների մոտ համակրանք է առաջացել այդ հերոսի նկատմամբ՝ չնայած, որ այն ժամանակվա ֆրանսիական երաժշտությունը խուսափում էր միասեռականության թեմայից»,-գրում է հեղինակը:

Այնուհետև նա մեջբերում է Ազնավուրի՝ հարցազրույցներից մեկի ժամանակ միասեռականության վերաբերյալ ասածը. «Դա ինձ մոտ կարծես հիվանդություն լինի՝ խոսել այն բաների մասին, որոնց մասին ենթադրվում է չխոսել: Ես սկսեցի միասեռականության թեմայից ու ցանկանում էի կոտրել բոլոր տաբուները»:

Պետրիդիսի կարծիքով՝ Ազնավուրի երգերի ու դրանցում արծարծված թեմաների շուրջ կարելի է անվերջ խոսել:

«Դրանք կարելի է տարբեր կերպ պիտակավորել, բայց մի բան ակնհայտ է` նրա երաժշտությունը լսելն ամենևին էլ հեշտ բան չէր»,-եզրափակում է հեղինակը:

 

Ազնավուր լսելն ամենևին էլ հեշտ բան չէր. The Guardian-ի անդրադարձը