«Հայաստանի զավակը, որը դարձավ ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը». Սելին Դիոնը ցավակցություն է հայտնել Ազնավուրի մահվան կապակցությամբ
Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել հայտնի երգչուհի Սելին Դիոնը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ գրառումն ուղեկցելով Ազնավուրի հետ լուսանկարով:
«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Շառլ Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, որը դարձավ ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Որպես արտիստ՝ մինչև վերջերս բեմն էր նրա տունը: Նրա ռոմանտիկ բալլադներն այնքան սերունդների համար են անբաժանելի մաս կազմում, որ նրա մահը սգում է ամբողջ աշխարհը: Մսյո Շառլ, դուք միշտ կմնաք «Ինձ համար հիասքանչ»: Սերս և ցավակցություններս ընտանիքին»,- գրել է Սելին Դիոնը:
Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:










