«Արվեստով լի ու անցյալին տեր կանգնած մի կյանք…». Թուրքիայի հայ և թուրք գործիչները՝ Շառլ Ազնավուրի մահվան մասին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն օրերս կյանքից հեռացած մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ նոր գրառում է արել Twitter-ի իր պաշտոնական էջում:
Փայլանը, մեջբերելով Ազնավուրի՝ տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկից մի հատված, նկատել է, որ եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը՝ Ազնավուրի պես լեգենդար երգիչը կարող էր լինել նաև այդ տարածքի մյուս ժողովուրդների մեծագույն ժառանգությունը:
«Ազնավուրն ասում էր՝ «Եթե մեր ժողովուրդների միջև բաժանումը տեղի ունեցած չլիներ՝ ես այսօր կարող էի լինել Թուրքիայից աշխարհի ամենաճանաչված երգիչը»: Մահացավ որպես ամենահայտնի ֆրանսիացի երգիչ…», - գրել է հայազգի պատգամավորը:
Ավելի վաղ՝ աշխարհահռչակ շանսոնյեի մահվան օրը, Փայլանը մեկ այլ գրառմամբ հիշեցրել էր, որ Ազնավուրը Արևմտյան Հայաստանից «պոկված» հարյուր հազարավոր հայ ընտանիքներից մեկի զավակն էր և մի մասնիկը հայկական սփյուռքի, որը պարբերաբար ենթարկվում է թուրքական իշխանությունների վիրավորանքներին:
Ազնավուրի մահվան կապակցությամբ տարբեր գրառումներ են արել ու ցավակցություններ հայտնել Թուրքիայից մի շարք հայ, թուրք և այլազգի մշակութային ու հասարակական գործիչներ:
«Երբ լսում էի Շահնուր Վաղինակ Ազնավուրյանին՝ կարծես ոչ թե երգ էր երգում, այլ ինչ-որ մի բարեկամ իր դարդերն էր պատմում ինձ… Անցավ այս աշխարհով որպես մի լեգենդ», - Twitter-ի իր էջում գրել է պոլսահայ սյունակագիր ու հասարակական գործիչ Լևոն Բաղըշը:
«Երաժշտությունը լռեց: Մարդկությունը կորցրեց Շառլ Ազնավուրին: Հայ ազգի գլխավորությամբ՝ բոլորին ցավակցություններս եմ հայտնում», - սոցցանցի իր էջում գրել է թուրք իրավապաշտպան Զեյնեփ Թոզդումանը:
«Արվեստով լի ու անցյալին տեր կանգնած մի կյանք…», - Ազնավուրի մահվան լուրին կարճ անդրադարձել էր պոլսահայ քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սելինա Դողանը:
«Շառլ Ազնավուրը մահացել է…Կյանքիս մի մասնիկը ոչնչացավ», - ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել թուրք հասարակական գործիչ ու հայտնի իրավապաշտպան Այշե Գյունայսուն:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում:










