Ֆրանսիան հրաժեշտի ազգային արարողություն կկազմակերպի Ազնավուրի պատվին
Ֆրանսիան աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կկազմակերպի: Այդ մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը:
Ֆրանսիայի ամենահայտնի աստղերից մեկի՝ Ազնավուրի պատվին արարողությունը տեղի կունենա Փարիզում: Արարողության ժամանակ ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահը:
Երեկ ֆրանսիական RTL լրատվամիջոցը հայտնել էր, որ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ կոչեր են հնչել ֆրանսահայ մեծանուն երգիչ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպելու վերաբերյալ, լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ է նման միջոցառման կազմակերպմանը:
Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:
France 24-ը նշում է, որ Ազնավուրի մահվան լուրը ցնցել է ամբողջ աշխարհում նրա բազմաթիվ երկրպագուներին: Հոլիվուդի Փառքի ծառուղում երկրպագուները ծաղիկներ են դրել նրա անվանական աստղի մոտ, իսկ Հայաստանում նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել են խորհրդարանում, Երևանի մետրոկայարաններում էլ հնչել են Ազնավուրի երգերը:
Լիբանանում, որտեղ հայկական մեծ համայնք կա, Ազնավուրի մահվան լուրը նույնպես լրատվականների գլխագրերում է եղել, իսկ ռադիոկայաններով հնչել են նրա երգերը:
Հայաստանի կառավարությունը սգո օր է հայտարարել շանսոնյեի հուղարկավորության օրը:










