«Նա այդպես էլ Թուրքիա չհրավիրվեց». պոլսահայ գրողի անդրադարձն Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
«Շանսոնյեների պարոնը». այսպես է անվանել օրերս կյանքից հեռացած մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրին պոլսահայ գրող Կարին Քարաքաշլըն թուրքական gazeteduvar.com.tr կայքի իր սյունակում տեղ գտած հոդվածում:
Ըստ Քարաքաշլըի՝ չկա ավելի բարդ բան, քան արվեստն ու քաղաքականությունը մեկ մարդու մեջ միավորելը, մինչդեռ Ազնավուրն այն եզակին էր, որը ոչ միայն եղավ այդ միավորման մարմնացումը, այլև հավատում էր, որ դա իր ճակատագիրն է:
«Եթե մեծ դարդ չունես՝ չես էլ նախընտրի նման բան: Շառլ Ազնավուրը երկու բնագավառում էլ աշխատելու դժվարությունն իր վրա զգացած մարդ էր: Եվ մեկը, ով հավատում էր, որ դա իր ճակատագիրն է»,- նշում է պոլսահայ գրողը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Ազնավուրի արտահայտած դիրքորոշմանը՝ Քարաքաշլըն մեջբերել է մեծանուն հայի՝ «Նամակ մի թուրք բարեկամի» բանաստեղծությունը, որում Հայոց ցեղասպանությունն անվանում էր «փուշ», որը մխրճված է հայերի սրտում և թուրքերի ոտքի մեջ:
«Այդ փուշը հանելու համար երկու կողմից էլ Անկարայի իշխանությունների շուրջ պետք է հավաքվեն ապաքաղաքականացված ողջամիտ մարդիկ: Հասկանում եք, չէ՞, թե ինչ եմ ուզում ասել: Սա չի նշանակի վերջնական որոշում և դժվարության առաջ չի կանգնեցնի երկար ժամանակ հերքման քաղաքականություն վարող Թուրքիային: Սակայն այդ ամենն ընդունված կլինի Անկարայի կողմից… Ես ինքս մի հաղթաթուղթ եմ: Որովհետև մոլորակի ամենաճանաչված հայկական ձայնն եմ: Ես հայերի քաղաքական ձայնը չեմ: Ես մի ձայն եմ, որն ասում է «Հայերը գոյություն ունեն»: Որովհետև ինձնից առաջ մարդիկ չգիտեին, թե ինչ է հայը», - Ազնավուրի տված հարցազրույցներից մեկում տեղ գտած խոսքերն է մեջբերում պոլսահայ գրողը:
Քարաքաշլըն վերհիշում է նաև շանսոնյեի խոսքերն այն մասին, որ մի օր, երբ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, այդ օրը չպետք է վերածվի «եսասեր տոնախմբության», և կարիք չկա այդ ժամանակ դուրս գալ փողոց ու բղավել: Ըստ Ազնավուրի՝ դա պետք է լինի տոն, որին հրավիրված կլինեն բոլորը, և գուցե այդ տոնը նշվի հենց Թուրքիայում:
«Ես ձեզ ամեն ինչ ասացի: Պատմեցի, թե որքան ինձ կերջանկացնի պապերիս ապրած հողի մի մասն այցելելու հնարավորությունը: Պատմեցի, թե որքան երջանիկ կդարձնի ինձ Ստամբուլի ծովափին գտնվող ռեստորաններում ընթրելը: Պատմեցի, թե որքան երջանիկ կդարձնի ինձ չճանաչածս Թուրքիայով ճանապարհորդելը, որովհետև միայն երկու անգամ եմ Ստամբուլ եկել: Սա ինձ համար կնշանակի գալ ակունքներիս: Որովհետև Հայաստանն իմ ակունքը չէ: Իմ երկու ակունքները Վրաստանն ու Թուրքիան են: Սակայն գալ կարողանալուս համար Անկարան պետք է ինձ պաշտոնապես ընդունի: Որովհետև ես Հայաստանի դեսպանի պաշտոնական կարգավիճակ ունեմ, դիվանագիտական անձնագիր ունեմ: Այդ իսկ պատճառով ճիշտ է, որ նրանք ինձ պաշտոնապես հրավիրեն», - կրկին Ազնավուրի խոսքերն է մեջբերում պոլսահայ սյունակագիրը՝ շեշտելով, որ Թուրքիան այդպես էլ չարեց այդ քայլն ու այդ հողերն իր ակունքը համարող Ազնավուրին այդպես էլ չհրավիրեց Թուրքիա:
«Ահա այսպես…Ազնավուրն այս հողեր այդպես էլ չհրավիրվեց: Այս հողերում թաղվել ցանկացողներին այդպես էլ թույլտվություն չտրվեց: Իսկ նույն պայքարը մղող ու Թուրքիայում «հայ» բառն ասելու համար առնվազն Ազնավուրի չափ ճանաչված Հրանտ Դինքը սպանվեց իր իսկ խմբագրատան առջև», - գրում է Քարաքաշլըն:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում:










