Քրիս Էվանսն այլև չի նկարահանվելու Կապիտան Ամերիկայի դերում
Ամերիկացի դերասան Քրիս Էվանսն այլև չի նկարահանվելու սուպերհերոսների մասին պատմող «Վրիժառուները» ֆիլմաշարում: Այս մասին դերասանը գրել է իր թվիթերյան էջում:
Դերասանը հայտնել է, որ «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմի երկրորդ մասի նախանկարահանումներն ավարտված են: Այսպիսով՝ ավարտվում է նաև Էվանսի՝ Marvel Studios-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը, ուստի նա այլևս չի նկարահանվելու Կապիտան Ամերիկայի դերում:
«Պաշտոնապես ավարտեցինք «Վրիժառուները-4»-ի աշխատանքները: Հույզերով լի օր էր, եթե չասեմ ավելին»,- գրել է Էվանսը՝ ընդգծելով, որ իր համար պատիվ էր ութ տարի շարունակ Կապիտան Ամերիկայի դերում նկարահանվելը: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր «կանգնած էին տեսախցիկի առջև, տեսախցիկի ետևում կամ նստած էին դահլիճում»:










