Փարիզում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (թարմացված)

11:39 • 05.10.18

12.42 Ելույթի համար ամբիոնին մոտեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ազնավուրը ցանկանում էր ապրել 1 դար, նա այդ մասին խոստացել էր, բայց մահը վրա հասավ դրանից մի քանի տարի առաջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:


«Նա էր մեզ ապրեցնում, մեր հույզերի, զգացմունքների լավագույն դարմանն էր»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք սովորել ենք, որ նա միշտ պետք է ներկա լինի մեր կյանքում, նա դարձել է Ֆրանսիայի դեմքերից մեկը»:   

Մարդ, որը միասնական էր իր ժողովրդի, իր հանդիսատեսի հետ, նշել է Էմանուել Մակրոնը: 


«Նա ունի հրաշալի խոսք, որը կարճ է, լակոնիկ, հասկանալի, ընթեռնելի, առանց ավելորդությունների: Նա նաև մեծագույն դերասան էր... Նա իր մաշկի վրա էր զգացել, որ Ֆրանսիան իսկապես ընդունել է իրեն... Բոլոր շնորհներից նա գերադասում էր հավատարմությունը՝ իր երկրին, ընտանիքին, նաև հավատարմությունը Հայաստանին, նա Հայաստանի որդին էր, ընկերը, դեսպանը, բայց նաև երեխան, որը վերադարձավ իր ծնողների գիրկը, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը...Այսօր առիթ է հիշելու, որ մենք պարտական ենք բոլոր հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից՝ եկել են մեր երկիրը շենացնելու»,- ասել է նա:


«Նա մեզ հետ պետք է լիներ հաջորդ շաբաթ՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Նրա բացակայությունը կդառնա մեծ դատարկություն... Մենք կփորձենք լինել արժանի նրան, ինչ նա պատգամել է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:


«Դեռ շատ երկար տարիներ կհիշենք անկրկնելի բանաստեղծի բառերը...Նա ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մեռնում»,- եզրափակել է Էմանուել Մակրոնը:


12.28
Ելույթի համար ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

12.21 Ազնավուրի մարմինը դուրս է բերվում համալիրի բակից դուդուկի հնչյունների ներքո: Հնչում է «Դլե Յաման» երգը:

 

12.18 ՀՀ վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը մոտեցան Շառլ Ազնավուրի ընտանիքին և ցավակցություններ հայտնեցին նրանց: 

 

12.12 Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը սկսվեց ՀՀ և Ֆրանսիայի ազգային օրհներգերով:

 

12.10 Հրաժեշտի արարողության վայր ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ: Նրան դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

11.53 Հրաժեշտի արարողությանը ժամանեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը: Հաղորդվում է, որ նա ելույթ է ունենալու արարողությանը:

Ժամանել են նաև ՀՀ նախագահն ու իր տիկինը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը: 

 

 

11.48  Արդեն ժամանեցին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ու նրա կինը՝ մոդել Կառլա Բրունին:

 

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը, հայտնում է lefigaro.fr-ն: 


Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով:

Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ:

Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդվում է, որ նա ելույթ է ունենալու արարողությանը: Ներկա են լինելու նաև ՀՀ նախագահն ու իր տիկինը:


Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Սպասվում է, որ ավելի քան 2000 մարդ կհավաքվի հուշահամալիրի բակում երգչին հրաժեշտ տալու համար: Արդեն ժամանել են երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը: 

Ազնավուրի մարմինը դուրս կբերվի համալիրի բակից Ազնավուրի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կատարման ներքո:

Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցություններից հետո Ազնավուրի ընտանիքն ի վերջո համաձայնել է, որ հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպվի:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ ավելի վաղ կոչ են արել Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպել, այդ թվում՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսեզ Նիսենը և նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:

 

 

Փարիզում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (թարմացված)