Շտուտգարտի համալսարանի գրադարանում առնետները կրծել են հազարավոր հազվագյուտ գրքեր
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի համալսարանի գրադարանի բազմաթիվ գրքեր տուժել են առնետների զանգվածային «հարձակման» հետևանքով. տարեսկզբից գրադարանի շենք ներթափանցած կրծողները ոչնչացրել են շուրջ 8.000 գիրք, դրանց թվում են հազվագյուտ ու հին գրքեր, որոնք հրատարակված են եղել դեռևս անցյալ դարում:
Ինչպես գրում է lenta.ru-ն, ոչնչացված գրքերի թվում են 1970-80-ական թվականներին հրատարակված մի շարք գիտական աշխատություններ, ինչպես նաև տնտեսական, իրավագիտական ու սոցիոլոգիայի ոլորտների կարևոր աշխատություններ:
Գրադարանի ներկայացուցիչները պատմել են, որ որոշ գրքեր այնպես են աղտոտված առնետների կեղտով, որ դրանք անհնար է մաքրել:
Գրադարանի աշխատակիցները վնասի ընդհանուր չափը գնահատում են ոչ պակաս, քան 200.000 եվրո:
Գրադարանում համոզված են, որ շենքի տարածքում այդքան շատ առնետների հայտնվելը կապված է հարևանությամբ գտնվող այգու հետ, որտեղ քաղաքացիները հաճախ են աղբ թողնում: Այգու մաքրությունն իրականացվում է շաբաթական մեկ անգամ, իսկ մնացյալ օրերին գետնին հաճախ կարելի է նկատել սննդի մնացորդներ:










