Մարգո Ռոբին կմարմնավորի Բարբիին համանուն ֆիլմում
Մի քանի տարի արտադրության հետ կապված խնդիրներից հետո Բարբի տիկնիկի մասին պատմող համանուն ֆիլմի նկարահանման իրավունքը Sony-ից անցել է Warner Bros ստուդիային, գրում է Life.ru-ն` հղում անելով Variety-ին:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ավստրալացի հայտնի դերասանուհի Մարգո Ռոբին ընկերության հետ քննարկում է ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու հարցը: Բացի այդ, ընկերության հետ բանակցություններ է վարում նաև ռեժիսոր Փեթի Ջենքինսը, ով նախկինում աշխատել է «Հրաշք կինը» ֆիլմի վրա:
Նշենք, որ մինչ այդ Բարբիի մասին ֆիլմում պետք է նկարահանվեին Էնն Հետուեյն ու Էմի Շումերը, սակայն նկարահանումների հետաձգման պատճառով դերասանուհիները լքել են նախագիծը:
Առայժմ հայտնի չէ, թե կօգտագործի արդյոք նոր ստուդիան Sony-ի կողմից գրված սցենարը, թե կհանձնարարի այն վերափոխել նոր հեղինակներին:










