Օզի Օսբորնը հոսպիտալացվել ու վիրահատվել է (Լուսանկարներ)
Հայտնի բրիտանացի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է Page Six-ը՝ հոսպիտալացման պատճառը երաժշտի ձեռքն ախտահարած վարակն է:
Օսբորնի կնոջ՝ Շերոնի խոսքով՝ հոկտեմբերի 6-ին երգիչը վնասել է բթամատը, ինչից հետո հարվածել է ձեռքը դռանը: Արդյունքում նրա բթամատն ու միջնամատը սկսել են այտուցվել: Ոչ լուրջ վնասվածքը հանգեցրել է երկու տարբեր վարակի ներթափանցման ու խնդրի բարդացման, ուստի բժիշկները ստիպված են եղել վիրահատել երաժշտի ձեռքը:
Հետագայում պարզվել է, որ ձեռքի վնասվածքները շատ ավելի լուրջ են եղել, քան թվում էր սկզբում: Երաժշտի առողջական խնդիրների պատճառով նրա համերգներից մի քանիսը չեղարկվել են, սակայն Օսբորնը խոստացել է ելույթ ունենալ ապաքինումից անմիջապես հետո:











