Պրահայի անանուն հրապարակն անվանակոչվել է օսկարակիր ռեժիսորի անունով

20:19 • 12.10.18

Պրահայի պատմական մասում գտնվող հրապարակը, որն ընկած է InterContinental հյուրանոցի դիմաց, անվանակոչվել է հանրահայտ չեխ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի պատվին:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այդ որոշման մասին հայտարարել է քաղաքի ղեկավար Ադրիանա Կրնաչովան ուրբաթ Չեխիայի մայրաքաղաքի նոր անվանակոչված հրապարակում անցկացված մամլո ասուլիսում:

Չեխ կինոռեժիսոր Ֆորմանը, որը 1970-ականներին տեղափոխվել է ԱՄՆ, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է, որին արժանացել է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Նա այնպիսի հայտնի ժապավենների հեղինակն է, ինչպիսին են «Թռչելով կկվի բույնի վրայով», «Ամադեյ», «Վալմոն» ֆիլմերը: Ֆորմանը կյանքից հեռացել է 2018-ի ապրիլին 86 տարեկան հասակում:

 

Պրահայի անանուն հրապարակն անվանակոչվել է օսկարակիր ռեժիսորի անունով