Ալեք Բոլդուինը կոչ է արել տապալել ԱՄՆ կառավարությունը «քվեարկության միջոցով»
Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը, որը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանմանակումներով ու նրա հասցեին քննադատություններով, կոչ է արել տապալել կառավարությունը, հայտնում է Associated Press-ը:
Բոլդուինը նման հայտարարություն է արել Նյու Հեմփշիրում Դեմոկրատական կուսակցության կազմակերպած ընթրիքի ժամանակ, որի նպատակն էր գումար հավաքելը:
Նրա խոսքով՝ երկրում կարելի է փոփոխությունների հասնել միայն ընտրությունների միջոցով:
«Այս կազմակերպված, ֆորմալ ու օրինական ճանապարհով մենք պետք է տապալենք Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ կառավարությունը»,- ասել է դերասանը: Բացի այդ, Բոլդուինը հանրապետականներին «քանդողներ» է անվանել, այլ ոչ «կառուցողներ»:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան հայտնի դերասանը մի քանի անգամ նմանակել է երկրի նախագահին երգիծական հեռուստաշոուների ժամանակ:
ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ:










