Բուլղարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին
Բուլղարիայի ազգային հետուստաընկերության ղեկավարությունը որոշել է 2019 թվականին չմասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ Այս մասին, ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, ասվում է հետուստաընկերության պաշտոնական կայքում։
«Այս որոշումն այն միջոցների մասն է կազմում, որոնք հեռուստաընկերության ղեկավարությունը ձեռնարկել է պետական ծախսերի օպտիմալացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաընկերությունում նշել են, որ մասնակցի նախապատրաստման և նրա կատարման համար անհրաժեշտ ծախսերը զգալիորեն գերազանցում են այն խելամիտ ծախսերը, որը կարող է իրեն թույլ տալ հանրային հեռուստատեսությունը։ Բացի այդ, նշվում է, մասնակցի նախապատրաստման համար անհրաժեշտ գումարից բացի մրցույթին մասնակցող պետությունները վճարում են նաև մրցույթի անցկացման համար ծախսվող գումարի փոխհատուցումը, որն այս տարի կազմում է 5.3 միլիոն եվրո։
Այս լուրին անդրադարձել են նաև մրցույթի կազմակերպիչները՝ իրենց թվիթերյան էջում գրելով. «Բուլղարիայի թիմը միշտ շատ ուրախ է աշխատել և նրանց մասնակիցներն էլ ֆանտաստիկ են եղել։ Մենք անհամբերությամբ կսպասենք, որպեսզի կրկին ողջունենք նրանց Եվրատեսիլի շրջանակներում»։










