Դերասանուհի Սելմա Բլերը բացահայտել է, որ ցրված սկլերոզով է հիվանդ

12:54 • 22.10.18

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սելմա Բլերն անկեղծորեն պատմել է իր մոտ ախտորոշված լուրջ հիվանդության մասին, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ աստղի մոտ ցրված սկլերոզ է հայտնաբերվել:

Հայտնի է, որ դերասանուհին այդ մասին գրել է Instagram-ում՝ մանրամասնելով, որ ախտանշանները մի քանի տարի զգացել է, սակայն ախտորոշումը տրվել է օգոստոսին:

«Երբեմն ընկնում եմ, ձեռքիցս իրեր եմ գցում, հիշողությունս շատ վատ է, չեմ կարողանում նստել, կանգնել, հանվել ու հագնվել առանց կողմնակի օգնության: Իսկ մարմնիս ձախ հատվածն անընդհատ ուղղորդման կարիք ունի: Քունս անընդհատ տանում է: Բայց ես առաջ եմ շարժվում ու գիտեմ, որ ամեն ինչ կանեմ սա հաղթահարելու համար»,-գրել է դերասանուհին:

Ցրված սկլերոզը նյարդային համակարգի հիվանդություն է: Չնայած մարդիկ հաճախ են շփոթում Ալցհեյմերի հիվանդության հետ, որն առավելապես նկարագրվում է որպես հիշողության կորուստ, սակայն ցրված սկլերոզը կապված չէ ուշադրության կամ հիշողության կորստի հետ։

Հիվանդությունը հիմնականում հայտնաբերվում է վաղ և միջին հասակներում ՝ 15-40 տարեկաններում։ Հիվանդության առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա ընթացքում դիտվում են կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հատվածներում խախտումներ։ Յուրաքանչյուր հիվանդի մոտ այն տարբեր ձև է ի հայտ գալիս։

Դերասանուհի Սելմա Բլերը բացահայտել է, որ ցրված սկլերոզով է հիվանդ