Գիրք, որը ձևավորում է ազգային հայեցակարգ. կայացավ Տարոն Սիմոնյանի «ԱՐԲԱՆԷ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Տարոն Սիմոնյանի «ԱՐԲԱՆԷ» գրքի շնորհանդեսը:
Հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին նվիրված գրքում ներկայացված են հայկական պետականության զարգացման օրինաչափությունները՝ 18-19-րդ դարերից սկսած, որոնք պետականության վերականգնման հիմք են հանդիսացել:
Հեղինակի խոսքով՝ գրքի հիմնական նպատակներից մեկն է հայ մարդուն օգնել վերագտնել ազգային ինքնությունը, իսկ կարդալուց հետո հայ մարդը կվերաիմաստավորի պետականությունը:
«Գիրքը նաև լույս է սփռում այն իրականության վրա, որը մենք ունենք այսօր՝ փորձելով վեր հանել անկախության կամ անկախացման այս ամբողջ գործընթացում այն հիմնական պատճառներն ու խնդիրները, որոնք մենք տեսնում ենք և որոնք խանգարում կամ օգնում են պետականության հետագա զարգացմանը: Այս ամենով հանդերձ փորձել եմ ներկայացնել քաղաքակրթական հասունացման օրինաչափություններն առաջիկա գոնե 100-200 տարվա ընթացքում, թե ուր է գնում հայ ազգը»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Գրքի բովանդակության մեջ 3 հիմնարար արժեքներ են ներկայացված՝ արարում, բանականություն և էություն, և հենց այս երեք բառերի միախառնումից է ստացվել գրքի վերնագիրը՝ «ԱՐԲԱՆԷ»:
Շնորհանդեսին ներկա էին մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք իրենց ելույթներում խոսեցին գրքի անհրաժեշտության, գրքում բարձրացված թեմաների կարևորության մասին:
Tert.am լրատվական կայքի ղեկավար Արամ Անտինյանի կարծիքով՝ Տարոն Սիմոնյանը մեր համամարդկային գիտական ֆոնդը մեկ գրքով հարստացրել է: Թեման, որին անդրադարձ է կատարվում «ԱՐԲԱՆԷ»-ում, ըստ նրա, իսկապես շատ կարևոր է, քանի որ հայերին ազգային հայեցակարգ է պետք:
«Եթե չլինի, օրինակ, Ցեղասպանության թեման, որը կարծես թե հիմնական բանն է, որ միավորում է ամբողջ հայերին, կամ եթե վաղն ամբողջ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը, մենք անելու բան չենք ունենա, կմոլորվենք: Ես կուզեմ, որ այս գիրքը մտորելու թեմա դառնա: Կուզեմ խոստում կորզել Տարոնից, որ այս գիրքը կարդալուց հետո մենք քննարկում կունենանք»,- նշեց Tert.am-ի ղեկավարը:
Արամ Անտինյանի խոսքով՝ մարդու գենոմի մեջ դրված է հետք թողնելու ցանկությունը. ոմանք դա պատկերացնում են զավակ ունենալու տեսքով, ոմանք՝ տուն, գործ ստեղծելու և հաջորդներին թողնելու:
«Երրորդը՝ համամարդկային, վերպետական ֆորմատի ինչ-որ բան թողնելն է: Այն հետքը, որը թողել է Տարոնը, ինձ համար հետքի բարձրագույն ֆորմացիան է: Տարոնն ապրել է, կուտակել է գիտելիք և այդ գիտելիքն այսօր փոխանցում է»,- ասաց նա:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, շարունակելով Արամ Անտինյանի միտքը, Տարոն Սիմոնյանին խնդրեց նաև մտածել որդեծնության մասին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշում է, որ գիրքը լույս է տեսնում ճիշտ իր ժամանակին՝ հետհեղափոխական Հայաստանում. «Կարծում եմ՝ այս գիրքը պետք է տալ Կառավարության անդամներին, վարչապետին, բոլորին, որ կարդան: Պետք է այս գրքից դասեր քաղվեն և կյանքի կոչվեն հենց հիմա»,- նկատեց նա:
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի խոսքով՝ գրքում կարող ենք գտնել շատ կարևոր հարցերի պատասխաններ՝ ո՞վ ենք մենք՝ հայերս, ո՞ւր ենք գնում, ի՞նչ առաքելություն ենք ունենում որպես Հայաստան:










