ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար մեզ չենք կարող թույլ տալ դոլար օգտագործել, այն այսօր տոքսիկ արժույթ է. ՌԴ նախագահի խորհրդականը՝ գազի գինը ռուբլով հաշվարկելու մասին

16:57 • 23.10.18

ՌԴ–ի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների պայմաններում միանգամայն բնական է գազի գնի համար անցումը ռուբլուն. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ՀՀ նախկին կառավարությունները մշտպես դիմել են ՌԴ կառավարություններին, որպեսզի գազի գործարքի գինը հաշվվի ՌԴ ազգային արժույթով՝ ռուբլով: 

«Շատ բնական ու հետևողականորեն երկար ժամանակ այս հարցը՝ ազգային արժույթներով հաշվարկին անցնելը, բարձրացվում է, և ՌԴ-ի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցների պայմաններում, սա այսօր դարձել է միանգամայն գերակա: Մենք մեզ չենք կարող թույլ տալ մեր երկրների միջև գործարքային հաշվարկներում օգտագործել դոլարը, որովհետև այն այսօր դարձել է տոքսիկ արտարժույթ»,- հայտարարեց Սերգեյ Գլազևը:

Ավելին՝ նա ասում է, որ երկու երկրների միջև դոլարի գործածումը պայմանավորված է քաղաքական բարդություններով՝ հնարավոր հայցերով, առգրավումներով ու խափանումներով:

Հարցին, թե սա երբ է հնարավոր ու հնարավոր է արդյոք ՌԴ նախագահի խորհրդականը հավելեց, որ հնարավոր է այնքանով, որ ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է ազգային արժույթներով գործարքների հարցը:  Սերգեյ Գլազևը նաև նշեց, որ պայմանագրի վերանայումը գործընկերների կամքով է պայմանավորված, քանի որ ռուբլին վերջին չորս տարիներին եղել է անկայուն: Ըստ որում՝ ոչ միայն արժույթի հարցը, այլ գնագոյացումը։

ՌԴ նախագահի խորհրդականի խոսքով՝ ԵԱՏՄ պատմության ողջ ընթացքում միտումն այն է, որ ռուբլին դառնում է այս միության շրջանակներում առևտրաշրջանառության գլխավոր միջոցը:

Նշենք, որ այսօր նա ասուլիսի էր եկել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Նրանք Հայաստանում են Եվրասիական տնտեսական միության  երրորդ ֆորումի շրջանակներում:

Արա Աբրահամյանն  ափսոսանք հայտնեց, որ բիզես ֆորումին հայաստանյան բիզնեսը ներկայացված չէր, և կառավարության կողմից էլ առանհձնահատուկ հետաքրություն չկար:

«Եթե նկատել եք, եղել էր գովազդ, և ես կուզեի, որ շատ ավելի աջակցություն լիներ: Այսպես կասեի՝ ինչքան շատ լինեն նման ֆորումները, օրինակ՝ երեք միլիոն անգամ, այնքան լավ, ինչքան շատ լինեն նման ֆորումները, այնքան ավելի արդյունավետ կլինի»,-ասաց Արա Աբրահամյանը: Նրա խոսքով՝ միգուցե Եվրասիական տնտեսական միության ֆորումի նկատմամբ բավականաչափ հավատ չկա: