Գիլյերմո դել Տորոն Պինոկիոյի մասին անիմացիոն մյուզիքլ կնկարահանի. THR

04:55 • 23.10.18

Աշխարհահռչակ օսկարակիր ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն պատրաստվում է սկսել Կառլո Կոլոդիի հանրահայտ հեքիաթի մոտիվներով «Պինոկիո» տիկնիկային անիմացիոն ֆիլմի նկարահանումները, հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ ամինացիոն մյուզիքլը պատմելու է Պինոկիո տիկնիկի պատմությունը, սակայն այս անգամ գործողությունները ծավալվելու են Իտալիայում ֆաշիզմի տարածման ֆոնին:

Հայտնի է, որ անիմացիոն ֆիլմի նկարահանումները սկսվելու են աշնանը: Ընդ որում՝ դել Տորոն հանդես է գալու ոչ միայն ռեժիսորի, այլև պրոդյուսերի և սցենարի հեղինակի դերում: «Արվեստի ոչ մի ճյուղ իմ կյանքի և աշխատանքի վրա այդքան մեծ ազդեցություն չի ունեցել, որքան անիմացիան, և պատմության մեջ ոչ մի կերպարի հետ անձնական այդքան խորը կապ չեմ զգացել, որքան Պինոկիոյի», - հայտարարել է ռեժիսորը՝ հավելելով, որ միշտ ցանկացել է նկարահանել այս մուլտֆիլմը:

Պարբերականը հաղորդում է, որ դել Տորոն արդեն ընտրել է մուլտֆիլմի ստեղծման համար իր թիմին անհրաժեշտ նկարիչներին, սցենարիստներին և կինոինդուստրիայի այլ ներկայացուցիչներին: Հայտնի է, որ սցենարի համահեղինակ է լենելու «Adventure Time» մուլտսերիալի սցենարի հեղինակ Պատրիկ Մակհեյլը, իսկ համառեժիսոր՝ տիկնիկային անիմացիայի ոլորտի վարպետներից մեկը՝ Մարկ Գուստավսոնը:

Գիլյերմո դել Տորոն Պինոկիոյի մասին անիմացիոն մյուզիքլ կնկարահանի. THR