«Ընկերները» հեռուստասերիալի աստղը պատասխանել է գարեջուր գողանալու վերաբերյալ կատակներին

05:47 • 25.10.18

«Ընկերները» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած Դևիդ Շվիմերը զվարճալի պատասխան է տվել համացանցում իր և բրիտանական Բլեքփուլ քաղաքում գարեջուր գողանալու համար որոնվող տղամարդու նմանության վերաբերյալ կատակներին:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, օրերս բրիտանական Բլեքփուլ քաղաքի ոստիկանությունը հրապարակել է ռեստորանից մեկ արկղ գարեջուր գողացած տղամարդու լուսանկարը՝ խնդրելով քաղաքացիներին օգնել գտնել հանցագործին: Սակայն օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ որոնվող տղամարդն արտաքնապես շատ նման է հայտնի դերասան Դևիդ Շվիմերին, ինչն էլ դարձել է համացանցում կատակների թեմա:

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ այդ ընթացքում Շվիմերը գտնվել է Նյու Յորքում, սակայն դերասանը հումորով է արձագանքել այս լուրին և բաց չի թողել կատակելու հնարավորությունը:

Նա իր թվիթերյան էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում նմանակել է իրեն շատ նման բրիտանացուն: Տեսանյութում նա նմանատիպ հագուստով է և փորձում է գարեջուր գողանալ:

«Երդվում եմ՝ դա ես չէի: Ինչպես տեսնում եք, ես Նյու Յորքում էի», - հրապարակմանը կից գրել է Շվիմերը և հաջողություն մաղթել Բլեքփուլի ոստիկանությանը:

«Ընկերները» հեռուստասերիալի աստղը պատասխանել է գարեջուր գողանալու վերաբերյալ կատակներին