Բենքսիի հերթական նկարն աճուրդում վաճառվել է 65 հազար եվրոյով

06:42 • 25.10.18

Artcurial աճուրդի տունն իր թվիթերյան էջում հայտնել է, որ հանրահայտ խորհրդավոր նկարիչ Բենքսիի հերթական նկարը Փարիզում վաճառվել է սենսացիոն գնով: Նշվում է, որ լոտն ի սկզբանե գնահատվել է 30 հազար եվրո, սակայն աճուրդի ժամանակ այն գնվել է 65 հազար եվրոյով, ինչն ավելի քան երկու անգամ ավել է նախատեսվածից:

Ինչպես գրում է Life.ru-ն, նման բարձր գնահատականի է արժանացել նկարչի «Կանգ առ և ուսումնասիրիր» խորագրով նկարը, որում պատկերված է «Օզ երկրի հրաշագործը» հեքիաթի հերոսուհի Դորոտին՝ կանգնած մի զինվորի կողքին:

Հիշեցնենք, որ վերջերս քննարկումների թեմա էր դարձել Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկի՝ «Փուչիկով աղջիկը» նկարի սկանդալային վաճառքը լոնդոնյան Sotheby’s աճուրդում: Այն դրված է եղել ոսկեգույն շրջանակի մեջ, որի մեջ էլ, ինչպես պարզվել է, ներդրված է եղել թուղթ կտրող սարք: Մուրճի հարվածից անմիջապես հետո նկարի շրջանակում միացել է թուղթը կտրող գործիքը, որը նկարի մի մասը կտրել է փոքր շերտերով:

Բենքսիի հերթական նկարն աճուրդում վաճառվել է 65 հազար եվրոյով