Դի Կապրիոն կրկին կնկարահանվի Սկորսեզեի ֆիլմում
Հոլիվուդյան գերաստղերից երկուսը՝ դերասան Լեոնարդո դի Կապրիոն և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, կրկին կհամագործակցեն նոր ֆիլմի շրջանակում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, աստղերը միասին արդեն 5 համատեղ կինոնախագիծ են ներկայացրել. նոր ֆիլմը կլինի 6-րդը ու կկոչվի «Լուսնային ծաղկի սպանողները» («Killers of the Flower Moon»):
Իրական պատմության վրա հիմնված ֆիլմում դեպքերը կզարգանան 1920-ական թվականներին՝ Օքլահոմա նահանգում: Այն կպատմի տեղաբնակ հնդկացիների ցեղի մասին, որի անդամները դաժանաբար սպանվել են, երբ նրանց պատկանող հողերում նավթ է հայտնաբերվել:
Հայտնի է, որ 43-ամյա Դի Կապրիոն նկարահանվել է Սկորսեզեի «Նյու Յորքի հրոսակախմբերը» (2002թ.), «Ավիատորը» (2004թ.), «Հանգուցյալները» (2006թ.), «Անիծվածների կղզի» (2010թ.) և «Ուոլթ սթրիթի գայլը» (2013թ.) ֆիլմերում:










