Մեքենայի պետհամարանիշը, որով Վիկտոր Ցոյը վթարի էր ենթարկվել, աճուրդի կհանվի
«Մոսկվիչ» ավտոմեքենայի պետհամարանիշը, որում վթարի է ենթարկվել լեգենդար երաժիշտ Վիկտոր Ցոյը, աճուրդի կհանվի նոյեմբերի 15-ին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Լիտֆոնդ» աճուրդի տան ղեկավարը՝ նշելով, որ նախնական արժեքը գնահատվում 2 մլն ռուբլի: Նրա խոսքով՝ աճուրդի տանն է փոխանցվել նաև երաժշտի մահվան վկայականը:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ աճուրդով վաճառվել է Ցոյի խորհրդային անձնագիրը, հեռախոսահամարների նոթատետրը, ինչպես նաև երկու երգի ձեռագրեր, որոնք հայտնաբերվել էին երաժշտի մահից հետո նրա ընկերների տանը:
Անձնագիրը վաճառվել է 9 մլն ռուբլիով, մինչդեռ մեկնարկային արժեքը կազմում էր 2.5 մլն ռուբլի: Նոթատետրը վաճառվել է 3 մլն ռուբլիով, իսկ «Хочу перемен» երգի ձեռագիրը՝ 3.6 մլն ռուբլիով:
Բացի դրանից, հոկտեմբերի 27-ին նախատեսվում է վաճառել Ցոյի հայտը ռոք-ակումբին անդամագրվելու համար:
«Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը զոհվել է 1990-ին Լատվիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Նա գտնվել է «Մոսկվիչ-2141» մակնիշի մեքենայի ղեկին:










