«Եթե ընտրություններում հանրապետականները հաղթեն, կտեղափոխվեմ Կանադա». Բարբարա Սթրեյզանդ
Ամերիկյան հայտնի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը սպառնացել է Կանադա տեղափոխվել, եթե նոյեմբերի 6-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցության անդամները մեծամասնություն կազմեն Ներկայացուցիչների պալատում:
Յոթանասունվեցամյա երգչուհին ակտիվ հետևում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքին ու Դեմոկրատական կուսակցության ամենահավատարիմ աջակիցներից է:
«Ես արդեն մտածում եմ Կանադա տեղափոխվելու մասին, չգիտեմ: Այնքան եմ տխրում մեր երկրում ստեղծված իրավիճակի համար, որ գիշերները չեմ կարողանում քնել: Եթե մենք (դեմոկրատները) մեծամասնություն կազմենք Ներկայացուցիչների պալատում, գոնե կկարողանամ մի քիչ քնել»,-New York Times-ին տված հարցազրույցում ասել է Սթրեյզանդը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում հարևան Կանադայում բնակություն կհաստատի:
Հայտնի է, որ երգչուհին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ամենաակտիվ քննադատներից է: 2016թ. նա սպառնացել էր Կանադա տեղափոխվել, եթե հանրապետական թեկնածուն ընտրվեր: Այնուհանդերձ՝ Սթրեյզանդն իր ասածը չի իրագործել՝ մնալով ԱՄՆ-ում:
Օրերս նա Թրամփին «սուտասան» էր անվանել՝ ընդգծելով, որ տանել չի կարողանում նրան:
«Ես նրան տանել չեմ կարողանում, նա վարվելաձև չունեցող մարդ է: Նա չի տեսնում սեփական սխալները և չգիտի, որ շատ բան չգիտի: Նա անպարկեշտ մարդ է: Նրա մոտ միայն մարքեթինգն է լավ ստացվում, գիտի՝ ինչպես կարելի է վաճառել: Բացի այդ, նա ապուշ է ու այնքան անտեղյակ: Նրա համար սուտասան բառը քիչ է: Պետք է այնպիսի բառ ընտրել, որը կբնութագրեր ամեն ինչի վերաբերյալ ստող մարդուն»,-ասել է Սթրեյզանդը:











