Հայտնի է դարձել «Գահերի խաղ»-ի փրիքվելի գլխավոր դերակատարը
Բրիտանացի դերասան Ջոշ Ուայթհաուսը կնկարահանվի «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելում և կկատարի գլխավոր հերոսի դերը, գրում է Independent-ը:
Ինչպես գրում է պարբերականը, 28-ամյա դերասանը, որը նաև Burberry բրենդի մոդելն է, առավել հայտնի է BBC-ի Poldark պատմական սերիալում Հյու Արմիթիջի դերով:
Օրերս հաղորդվել էր, որ հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելում, որում գործողությունները տեղի են ունենալու օրիգինալ հեռուստասերիալի դեպքերից հազարավոր տարիներ առաջ, կնկարահանվի հոլիվուդյան դերասանուհի Նաոմի Ուոթսը: «Օսկար»-ի առաջադրված Ուոթսը կմարմնավորի «մութ» գաղտնիք թաքցնող կնոջ:
Փրիքվելը կնկարահանվի սերիալի տեսքով: Սցենարի հեղինակը կլինի Ջեյն Գոլդմանը: Սերիալի ստեղծման հարցում ակտիվ մասնակցություն կունենա օրիգինալ «Գահերի խաղ»-ի հեղինակ Ջորջ Մարթինը:
Գոլդմանը մանրամասնել է, որ փրիքվելը կցուցադրվի «Գահերի խաղ»-ի ավարտից առնվազն մեկ տարի անց: Հայտնի է, որ օրիգինալ սերիալի ցուցադրությունն ավարտվելու է 2019թ.:










