Ալավերդու պղնձաձուլական գործարանը ժամանակավորապես կարող է գործել, բայց վերջնական լուծումը կլինի փակումը. Վարագ Սիսեռյան

11:46 • 04.11.18

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները նոյեմբերի 3–ին հանդիպել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանի հետ։

Tert.am-ի հետ զրույցում Վարագ Սիսեռյանը նշեց, որ գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը խոսել են ժամանակավորապես վերագործարկման մասին, որպեսզի 630 աշխատակիցները հնարավորություն ունենան շարունակել աշխատանքը:

«Որպեսզի վերջնական որոշումը կայացվի, հիմնականում մնացել է ՎՏԲ-ի հարցը: Որպես միջնորդ ենք հանդես գալիս: Բանակցությունները հասան նրան, որ բանկից պահանջեցինք  պաշտոնական թուղթ, որի մեջ գրված են իրենց առաջարկները՝ գրավների հետ կապված: Մենք ասել ենք, որ այդ թուղթը մեզ տրամադրեն երկուշաբթի օրը, այն տրամադրել են երեկ՝ ժամը 11 –ի կողմերը»,- շեշտեց նա:

Վարագ Սիսեռյանն ասաց, որ կա՛մ պետք է կողմերին սեղանի շուրջ հավաքեն, կա՛մ որպես միջնորդ պետք է մեսիջները փոխանցեն:

Վարագ Սիսեռյանը շեշտեց, որ նոր պղնձաձուլարան կառուցելու ծրագրի կյանքի կոչումը և դրանից անմիջապես հետո հին պղնձաձուլարանի աշխատանքի վերջնական դադարեցումը կլինի այս հարցի ընդունելի, ճիշտ և վերջնական լուծումը։

«Փոխվարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում շարունակելու ենք աջակցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին՝ նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար: Հիշեցնեմ, որ կառուցվելիք պղնձաձուլարանի արտանետումների քանակը՝ համեմատած հին/գործող պղնձաձուլարանի արտանետումների, կրճատվելու է մոտ 95%-ով»,- եզրափակեց նա: