Ռիհանան Թրամփին քննադատել է հանրահավաքների ժամանակ իր երգերը միացնելու համար
Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան համալրել է այն աստղերի ցանկը, որոնք քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քաղաքական հանրահավաքների ժամանակ իրենց երգերը միացնելու համար:
Ինչպես նշում է hollywoodreporter.com-ը, վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ միացվել էր Ռիհանայի Don't Stop the Music հիթը, ինչից հետո երգչուհին Twitter-ում գրել է. «Այլևս նման բան չի լինի, ո՛չ ես, ո՛չ իմ թիմը չենք լինի այդ ողբերգական հանրահավաքներից և ոչ մեկի մասնակիցը»:
Բացի այդ, նույն հարցով Թրամփին քննադատել է լեգենդար Guns N' Roses ռոք խմբի վոկալիստ Էքսլ Ռոուզը, որին դուր չի եկել հանրահավաքի ժամանակ Sweet Child o' Mine երգի օգտագործումը: Նա նախագահին խորհուրդ է տվել որևէ մեկի երգն օգտագործելուց առաջ նախ թույլտվություն խնդրել:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել էր Թրամփին քաղաքական հանրահավաքների ժամանակ իր երգերը միացնել:
Հայտնի է, որ Ինդիանա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ միացվել էր Ուիլյամսի Happy («Երջանիկ») հիթը, ինչը զայրացրել է երգչին:
Ուիլյամսին դուր չէր եկել այն փաստը, որ հանրահավաքին երգը միացվել է Փիթսբուրգի սինագոգում 11 մարդու կյանք խլած ողբերգական հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց:
Ավելի վաղ Թրամփին արգելել էին իրենց երգերն օգտագործել Սթիվ Թայլերը, Ադելը, Նիլ Յանգը, Rolling Stones-ն ու Queen-ը:










